Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Где деньги, Зин?

Где деньги, Зин?
04.01.2024 | 23:01

Վլադիմիր Վիսոցկու հայտնի երգի բառերից ավելի դիպուկ անհնար է բնութագրել ֆիանսական այն սրիկայությունները, պետականաքանդ խարդախությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում:

Irates.am-ում 10.12.2023 թվականին տպագրված «Եկ միասին կեղծենք փաստաթղթերը»

կոռուպցիոն խայտառակ սարդոստայնի վերաբերյալ հետաքննական բացահայտումը՝ կապված ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Կումայրի» բաժնի պետ Կարեն Գևորգյանի և Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրեն Արմինե Սուքիասյանի համատեղ պաշտոնեական կեղծիքի հետ, 4 օր անց, ունեցավ իր ուշագրավ հետևանքները՝ «լեռը երկնեց ու մուկ ծնեց» և ոստիկանության հին ու «բարի» սցենարով փորձ արվեց թիրախավորել իմ մայրիկին՝ 75-ամյա արժանապատիվ մանկավարժին՝ կեղծ, շինծու մեղադրանքով՝ շառ տվող վարձու մի էակի պղծված բերանով: Դա նոր Հայաստանում հին՝ НКВД-ական մեթոդներով, իմ՝ լրագրողիս, բերանը փակելու, բացահայտումների շարքը խափանելու նվաղ, մեղք ու խղճուկ տքնանք էր: Սա ի միջի այլոց:
Գյումրու 32 դպրոցի նախկին տնօրենի գործունեության վերաբերյալ պատկան մարմինների կիրառական քոռության և մասնագիտական թոփալության արդյունքում, հանցագործությունների, ֆինանսական լափումների նոր էջեր են բացվում: Ինչու՞ իրավական հետևանք չեն առաջացնում մի դպրոցի տնօրենի սանձարձակ, մոլագարության հասնող կոռուպցիոն դրսևորումները: Այդ տնօրենի մասնակցությամբ ի՞նչ պետական հանցավոր շղթա է գործում, որի օղակների կազմաքանդումը կփշրի տարիներ շարունակ անխափան գործող, մինչև մանրուքները մտածված պետական հանցավոր հյուսվածքը:

ՀԱՐՑՆՈՒ՞Մ ԵՔ՝ ԿՊԱՏՍԱԽԱՆԵՆՔ

Գյումրու թիվ 32 դպրոցի «ֆինանսական կեղծ ճգնաժամ» անվանումը ստացած լրագրողական իմ բացահայտումը, որից խորն ազդվել է կեղծ տվյալներ թխած ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Կումայրի» բաժնի պետը՝ որպես պաշտոնեական կեղծիքի հարակից համահեղինակ, չէր սահմանափակվել ոստիկանության և Գյումրու այդ դպրոցի տնօրենի համակցված ստով: Հիշեցնենք, որ ոստիկանության նշված բաժնի պետն ու Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը կեղծել են տեղեկությունն այն մասին, որ Գյումրու թիվ 32 դպրոցում 2018 թվականից՝ ֆինանսական ճգնաժամով պայմանվորված, լաբորանտի 0,5 դրույք է հատկացվել, այն էլ՝ կիսվել է: Բայց, քթից այն կողմ, բերանի տակ, քաղքենիական սկզբունքով իրավապահ և տնօրեն աշխատող անձինք չէին հաշվարկել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից և Շիրակի մարզպետարանից ստացված տեղեկություններն ակամայից կհերքեն դպրոցի ֆինանսական շինծու ճգնաժամի մասին ինքնածանակվող գրավոր տեղեկությունը:
Այժմ դառնանք ՀՀ ֆինանսների նախարարության՝ ի պատասխան մեր հարցմանը, տրամադրված տեղեկատվությանը: Համաձայն դրա, Գյումրու թիվ 32 դպրոցը ֆինանսավորվել է կանոնավոր, իսկ 2022 թվականին այն անգամ 18 միլիոն դրամով ավել է ֆինանսավորվել:

Կից՝ պատասխանը:
Մեջբերում ենք ՀՀ ֆինանսների նախարարության գրությունը.

«Ի պատասխան 29.10.2022 թվականի Ձեր թիվ 950638 հարցմանը՝ կից աղյուսակով, ներկայացնում ենք «Գյումրու թիվ 32 դպրոց» ՊՈԱԿ-ի (այնուհետ ՊՈԱԿ) վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում առկա ՊՈԱԿ-ի 2019-2023 թթ. ՀՀ պետական բյուջեից ստացված ֆինանսավորման, ՊՈԱԿ-ի բյուջեի և բյուջեով նախատեսված կոմունալ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը...»:

ՀՀ ֆիննախ-ի կողմից ներկայացված տվյալներին «խամ» աչքով նայելով անգամ ակնբախ է դառնում մի ուշագրավ փաստ. 2022 թվականին Գյումրու թիվ 32 դպրոցի հաստատված բյուջեն կազմել է 64 մլն. 373 հազար դրամ՝ փոքր պոչով, իսկ ՀՀ պետական բյուջեից ստացված ֆինանսավորումը, այսինքն, պետության կողմից դպրոցին հատկացված տարեկան փաստացի ֆինանասավորումը կազմել է, ուշադրություն, 81 մլն. 833 հազար դրամ՝ նորից «կոպեկային պոչով»:
Տես՝ աղյուսակը:


Այսինքն, ՀՀ կառավարությունը 2022 թ. շուրջ 18 միլիոն դրամ ավել է ֆինանսավորել Գյումրու թիվ 32 դպրոցը: Հարցրել ենք, մեզ պատասխանել են: Բայց այդ պատասխանից ծնվել է մեկ այլ հարց՝ ինչու՞ է նախատեսվածից ավելի ֆինանսավորվել Գյումրու թիվ 32 դպրոցը: «Ատկատի» ի՞նչ սխեմա է գործել և ու՞մ գրպաններում է ձագ տվել նշված գումարը:
Նշենք, որ Գյումրու թիվ 32 դպրոցում՝ կասկածելի կադրային սելեկցիայի արդյուքնում, աշխատանքի են ընդունվել Շիրակի մարզպետարանի ֆինանսական վարչության պետի հարսը՝ հայոց այբուբենը չիմացողը և նույն վարչության այլ աշխատակցի կինը՝ չորս հաստիքով:

ՌԵՎԱԶԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՍԵ՞Լ Է
Լրագրողական պրպտումն առ այն, թե ինչու է պետությունն հաստատված բյուջեից 18 միլիոն դրամով ավելի ֆինանսավորել Գյումրու թիվ 32 դպրոցը ենթադրում էր՝ հաջորդ հարցումը ՀՀ ֆինանսների նախարարությանը պետք է լիներ հենց այդ բովանդակությամբ: 13.12.2023 թվականին հարցում էինք ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ խնդրելով նշել, թե 2022 թվականին Գյումրու թիվ 32 դպրոցին տրամադրված շուրջ 18 միլիոն ավելի դրամը ո՞ր նպատակների համար է ծախսվել, բյուջեի ո՞ր հոդվածներով: Ի պատասխան ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից, ինձ՝ հետաքննող լրագրողիս, խնդրել են, ուշադրություն, դպրոցի 2022 թվականի բյուջեով հաստատված 64 մլն. 373,400 հազ. դրամ գումարը կարդալ

90 մլն.744,000 հազ. դրամ: Մեջբերում ենք փաստաթուղթը. «2022թ.-ի պլանային ցուցանիշները ներկայացնելիս տեղի է ունեցել վրիպակ և խնդրում ենք հաստատված բյուջեի 64,373,400 դրամ գումարը կարդալ 90,744,000 դրամ:

Փաստաթուղթը՝ կից:



Սա կոմեդիայի թատրոնը, չէ, սա խելագարների նավը չէ, սա պետական պաշտոնական պատասխան է ՝տրված Հայաստանի Հանրապետության գլխավոր ֆինանսական գերատեսչությունից: Փաստորեն, Հայաստանի ֆինանսների նախարարությունն այլ տարբերակ, հնար ու ճար չի գտել կոծկելու բացահայտված ֆինանսական լափումը, քան խորհուրդ տալ ինձ 63 միլիոն դրամը 90 միլիոն դրամ կարդալ: ՈՒ այս լկտիությունն արվել է նրա համար, որ պետական բյուջեից հատկացված ու դպրոցի՝ իբր հաստատված բյուջեի գումարի տարբերությունը «վետրբազի» կամ «շողուլի» բերվի, իսկ 18 միլիոն դրամ կերած գումարի հետքը կորի: Պարզ ու պրիմիտիվ թվային խմբագրումով, հա՞: Ինչպես կասեր գյումրեցին` ջուրը քշի ձեր մարմնի ծանր մասը:
Տրամաբանական հարց է առաջանում՝ Ռևազը շնորհակալություն հայտնե՞լ է այս լկտի ու ցինիկ զեղծարարության համար, թե՞ «Համոն փողը՝ իմա` «ատկատը» ժամանակին է հասցրել:

Մեր պարզաբանում պահանջող հարցումը, փաստացի, հայտնաբերեց փողային լվացման ՝ռեգիոնալ «լանդրոմատի» մեխանիզմը: ՈՒ փոխանակ ՀՀ ֆինանսների նախարարությունն ինքը մանրամասն ու հետևողականորեն հաշիվ պահանջեր Գյումրու թիվ 32 դպրոցի նախկին տնօրեն Արմինե Սուքիասյանից, երկրի գլխավոր ֆինանսական գերատեսչությունը ստանձնել է հանցավոր համագործակության և կոռուպցիոն «երգչախմբի» դիրիժորությունը: Դեռ մի բան էլ խորհուրդ է տալիս վրիպակ համարել արդեն 27 միլիոն դրամ բյուջետային գումարի տարբերությունը: Ինչքա՜ն նման են չէ՞ 64,373,400 դրամ և 90,744,000 դրամ գումարները: Ինչքա՜ն մոտ են իրար, չէ՞:
Բայց Գյումրու թիվ 32 դպրոցի ֆինանսական խարդախության ֆիգուրանտ տնօրենի «ատկատային» գալարումները, բրգային կոռուպցիան՝ Շիրակի մարզպետարանի հետ համատեղ, այսքանով չեն ավարտվում:
Ի պատասխան մեր հերթական հարցման, թե, այնուամենայնիվ, ինչու՞ է Գյումրու թիվ 32 դպրոցի բյուջեն «վրիպակային» գումարի համաձայն, կազմել 90 մլն. 744 հազ. դրամ, ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշեց գլուխը ավազի մեջ խրել և մեկ տողանոց պատասխան ուղարկել՝ հետևյալ բովանդակությամբ. «Ի պատասխան 19.12.2023թ. Ձեր թիվ 995270 հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ պահանջվող տեղեկատվությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը չի տնօրինում»:

Ցը՜մփ, կասեր սեփական կառավարման կոռուպցիայի հետ «զառ» խաղացող Նիկոլ Փաշինյանը:

Վերադառնալով Վիսոցկու երգին, հարց ենք ուղղում ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ «Где деньги, Зин», ու՞ւ է Գյումրու թիվ 32 դպրոցին 2022 թվականին հատկացված 18 միլիոն դրամ գումարը:

Այդ ի՞նչ փոր է, որ հոր է դարձել: Փողերը կերաք, արյունն էլ վրեն խմեցիք, ձեզ տղա զգացի՞ք:
Գյումրու մի դպրոցի և այդ դպրոցի չպատժված հանցագործ տնօրենի, նրա հետ նույն լծակի, հանցավոր խուրձի մեջ գտնվողների գործունեության շատ մակերեսային բացահայտումն ու նիկոլական կառավարման նողկալի էությունն ու բովանդակությունը ի ցույց դրեց՝ պետականաքանդներին չեն պատժում, նրանց հետ համագործակցում են: Փաստ է:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 7119

Մեկնաբանություններ